Thursday, August 8, 2019

Բու (Owl)



Բվերը թվում են իմաստուն, հասկացող, բայց իրականում այդպես չէ: Կան բվերի տարբեր տեսակներ: Դրանք կարող են լինել փոքր, ինչպես ճնճղուկը և մեծ, ինչպես աքլորը: Մեծ կամ փոքր բոլոր բվերը ունեն սուր, կոր ճանկեր` զոհին որսալու համար և ուժեղ, կեռ կտուց` որսը պատառոտելու համար: Նրանց բնությունից տրված է հզոր որսորդ լինելը:
Բվերը հիմնականում գիշերային կամ մթնշաղային որսորդներ են:
Նրանք որսում և ուտում են շատ տարբեր կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, միջատներ: Բվերը կարող են տեսնել և լսել փոքրագույն արարածների: Ընդ որում, կարողանում են տեսնել և լսել թե ցերեկը և թե գիշերը: Բվերը օգտագործում են իրենց աչքերն ու ականջները մթության մեջ` գիշերը որս անելու ժամանակ: Նրանք գրեթե երբեք չեն վրիպում:

Քանի որ սնվում են այլ կենդանիներով, նրանց փետուրներից տհաճ հոտ է գալիս: Գիշերը բվերը շատ թեթև և անձայն են թռչում: Նրանք ունեն ևս մեկ տարօրինակ բան` փետուրները: Բվերը փետուրները կարող են բարձրացնել վերև` ունենալով կրկնակի մեծ տեսք: Նրանք այդպես անում են, որպեսզի տեսանելի լինեն իրենց զուգընկերների համար, կամ էլ բնին մոտ եկած թշնամիներին վախեցնելու համար: Այդպես ցցված փետուրներով բուն շատ տարօրինակ և ծիծաղելի տեսք ունի:
Բվի աչքերը կարող են տեսնել միայն դիմացը, իսկ կողքերը տեսնելու համար նա ստիպված է շրջել գլուխը: Նա մինչև 270 աստիճան պտտում է գլուխը: Թվում է, թե նրա գլուխն ամբողջությամբ պտտվում է վերևից ներքև: Բվերի տարբեր տեսակներ արձակում են տարբեր ձայներ: Բայց նրանց լավագույն ձայնը հու-հուն է:

Monday, August 5, 2019

Սևաճակատ շամփրուկ (Lanius minor)



Չկա մեկը, ով սիրում է շամփրուկին: 
Նա փոքր թռչուն է` կեռ կտուցով, աչքերի շուրջը ունի սև փետուրներ: Այս ամենը նրան ավազակի է նմանեցնում: 
Նրա գործերը նույնպես նման են ավազակության: Նա նստում է և սպասում մկանը, գորտին, օձին կամ այլ թռչունի: Ամեն ինչ ախորժելի է նրա համար, նույնիսկ` իր նման ուրիշ շամփրուկներ: Նա հարվածում է իր սուր կտուցով և գցում է զոհին գետնին:
Հետո շամփրուկը անում է մի շատ տարօրինակ բան: Նա վերցնում է զոհին իր կտցով և թռչում է փշոտ թփերի վրա: Եթե չկան փշոտ թփեր, ապա նա դա անում է փշոտ մետաղալարերի վրա:

Նա միշտ կախում է իր որսը այնպես, ինչպես մսագործն է կախում միսը: Ահա թե ինչու են նրան մեկ-մեկ ասում մսագործ թռչուն: Մսագործ թռչունը հաճախ ուտում է իր կախած ուտելիքը, բայց հաճախ էլ թողնում է կախված ուտելիքը և գնում այլ զոհեր փնտրելու: Գուցե նա ցանկանում է, որ միշտ շատ ուտելիք լինի իր` մսագործի խանութում:

Thursday, August 1, 2019

Սովորական սիրամարգ (Pavo cristatus)



Էգ սիրամարգի սերը գրավելու համար արուն զարմանալի և հիասքանչ բաներ է անում: Նա բացում է իր երկար պոչի փետուրները` ինչպես մեծ հովհար:  
Դա ամենանշանավոր տեսարանն է թռչունների աշխարհում: 

Թվում է, թե արու սիրամարգը գիտի դա:
Նա դա անում է էգի համար` կանգնելով ինչպես զինվոր: Վերջում ուշադրությունը ավարտվում է փոքր պարով: 
Էգ սիրամարգը ձևացնում է, թե դա չի տեսել: Երկար ժամանակ նա նայում է ուրիշ տեղ: Բայց որոշ ժամանակ հետո գեղեցկությունը հաղթում է նրան: Սիրամարգին դասում են հավերի ընտանիքին: Նա գրավիչ է, բայց հավը ավելի օգտակար է: Փաստորեն, հավը աշխարհի ամենաօգտակար թռչունն է: Բայց սրա մասին ավելի լավ է սիրամարգին չասել: 

Wednesday, July 31, 2019

Ծովային որոր (Larus marinus)



Ծովատառեխյան որորին անվանում են ծովային որոր: Նրանք ապրում են լճերի և գետերի մոտ, հազվադեպ են ծովափից շատ հեռանում: Որորները հետևում են նավերին, ոչ թե որ սիրում են ծովը կամ նավը, այլ որովհետև սիրում են ուտելիքի 
մնացորդները, որոնք մարդիկ գցում են ծովը: Որորները աղբ հավաքողներ են:
Շատ հաճախ որորները մնում են նավամատույցի կամ ափի շուրջը` ուտելիք որոնելու: Ուտելիք գտնելուն պես սկսում են ուտել: Նրանք սիրում են ուտել: Որորը ուտում է համարյա ամենի ինչ: Եթե սատկած ձուկ է լինում ափին, ապա այն այդտեղ երկար չի մնում: Որորները մտածում են, թե դա իրենց համար է եկել: Երբ ուրիշ որորներ տեսնում են, որ մի որոր իջնում է ինչ-որ բանի հետևից, նրանք հետևում են իրենց ընկերոջը: 
Նրանք սովորաբար կռվում են ցանկացած փոքր բանի համար: Շուտով ոչինչ չի մնում ափին: Որորները մարդկանց լավ ընկերներն են, որովհետև օգնում են մաքրել ափը: 
Երբեմն որորը խխունջ է գտնում ծովափին: Բայց նրանք իրենց կտցով չեն կարողանում բացել խխունջը: Այդ պատճառով վերցնում են խխունջը և մեծ արագությամբ թռչում վեր: Երբ տեսնում են ժայռեր կամ խորդուբորդ ճանապարհ, վերևից գցում են խխունջը, որն էլ ջարդուփշուր է լինում ու բացվում: Դրանից հետո որորը իջնում է ցած: Նա գիտի` եթե արագ չիջնի ցած, ապա ուրիշ որոր կգտնի և կուտի խխունջը:
Կա տարօրինակ պատմություն որորների և նրանց ուտելիքի մասին: Կա տարվա մեջ մի ժամանակ, երբ որորներ շատ են անհանգստանում ուտելիքի մասին. երբ նրանք ունենում են ձագուկներ: Յուրաքանչյուր հասուն որոր իր կտցին ունի կարմիր կետ: Ձագուկները դուրս գալով ձվից` սկսում են կտցահարել իրենց ծնողների կտցի կարմիր կետը: Դա ազդանշան է, որպեսզի նա սկսի կերակրել ձագուկին: 
Տարօրինակն այն է, որ ձագը չի սկսում ուտել, քանի դեռ չի գտել կարմիր կետը: 
Եթե նա չգտնի կարմիր կետը, պարզապես սովամահ կլինի: Դու կարող ես փորձել կերակրել որորի ձագին: Բայց դու պետք է ցույց տաս նրան ինչ- որ կարմիր բան:
Այն ժամանակ, երբ ձագը լքում է բույնը, նա այլևս չի անհանգստանում կարմիր կետի մասին: Նա թռչում է, որ օգնի մաքրել ծովափը:

Friday, July 26, 2019

Մեծ Խայտաբղետ Փայտփոր (Dendrocopos major)



Շատ տարածված է բոլոր անտառներում և այգիներում, եթե լինես մի փոքր քաջալուրջ ապա անպայման կնկատես նրան: Այս փայտփորի մարմնի վերևի հատվածը սև է, ուսափետուրները խոշոր բծերով, ներքևից մարմինն ամբողջովին դարչնագույն է, իսկ պոչուկի ներքևի հատվածը կարմիր: Թռչում է ալիքաձև, սնվում է անողնաշարավորներով և սերմերով: Սնունդը հայթայթում է իր փորած ծառերի փչակներից: Շատ աշխատասեր է: Առավոտից մինչև ուշ գիշեր կարող ենք լսել նրա թխկթխկոցները: Փայտփորին անվանում են ծառերի բժիշկ, քանի որ փորելով ծառերի կեղևը, բացի սնունդ հայթհայթելուց վերացնում են ծառի համար վնասակար միջատներին: Բնադրում է ծառերի փչակում, ձվադրում է 4 - 7 հատ, ձվերը լինում են սպիտակ:

Monday, July 22, 2019

Սովորական հողմավար բազե (Falco tinnunculus)


Իմ արտաքին տեսքը: Ես մեծ հողմավար բազե եմ, իմ էգերն ու արուները տարբերվում են փետրաշերտի գունավորմամբ: Արուների գլուխը, պոչի վերին մասը և պոչը մոխրագույն են: Էգերն ունեն շագանակագույն գլուխ ու մեջք, նաև շագանակագույն պոչ՝ սև զոլերով: Էգերի թևերը զոլավոր են, իսկ արուներինը՝ պուտավոր: Եվ արուները, և էգերը ունեն բեղեր և մարմնի ներքևի բաց դարչնագույն հատվածում՝ մուգ գույնի պուտեր: Էգերի մարմինը ավելի մուգ է և պուտավոր, քան արուներինը: Եվ արուները, և էգերը ունեն դեղին ոտքեր և սև կտուց:
Իմ տարածվածությունը: Ինձ կարելի է հանդիպել գրեթե ամբողջ Եվրոպայում, Ասիայում, Միջին Արևելքում և Աֆրիկայի որոշ մասերում: Հայաստանում ինձ կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք:
Իմ սնունդը: Ես որսում եմ փոքր կաթնասուններ, միջատներ, անձրևորդեր, մողեսներ և այլ թռչուններ: Ես որս եմ անում նստած դիրքից կամ թռիչքի ժամանակ:
Իմ չուի վարքը: Ես կատարում եմ մասնակի միգրացիա: Աշնանը ես չվում եմ դեպի հարավ՝ Արևմտյան Եվրոպայից գնում եմ Իսպանիա, Արևելյան Եվրոպայից Իտալիայով դեպի հարավ, և Հարավային Ասիայից Միջին Արևելքով այնքան հեռու, որքան Աֆրիկան է:
Իմ զվարճալի փաստը: Ես աշխարհում ամենատարածված և բազմաքանակ հողմավար բազեն եմ :
Իմ պահպանության կարգավիճակը: Չնայած նրան, որ տեսակի որոշ պոպուլյացիաներ վերջերս սկսել են նվազել, այն ունի «նվազագույն վտանգ» կարգավիճակը:

ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla alba)


Ես քեզ կծանոթացնեմ ևս մեկ շատ գեղեցիկ, փոքրամարմին թռչնի հետ, նրա անունն է Խաղտտնիկ: Տարբերում ենք խաղտտնիկների մի քանի տեսակ՝ դեղին, սպիտակ, դեղնագլուխ և լեռնային: Այս թռչունը վարքով շատ անզգույշ է, համարվում է տարածված թռչուն: Թռվռում-քայլում է արագ-արագ, մանրաքայլերով, պոչը վեր ու վար շարժելով: Մարմնի դիմային մասը մոխրագույն է՝ դեղին ու դարչնագույն նախշերով: ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում` նաև նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Սովորաբար հանդիպում է զույգերով նաև փոքր խմբերով։ Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։ Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։ Օրվա մեծ մասը անցկացնում է գետափերի, լճափերի տարածքում:

Բու (Owl)